ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության
08.07.2016 | 12:06

Դաշինքի՝ վարշավյան գագաթնաժողովն առաջադրելու է «անվտանգության ամուր և կայուն կառույցի ստեղծման հիմքերը՝ նախատեսված տևական առճակատման համար»:


Ի՞նչ ակնկալել վարշավյան գագաթնաժողովից
2014-ին ՆԱՏՕ-ի ՈՒելսում կայացած գագաթնաժողովում դաշինքը ձեռք էր առնում միջոցներ, որոնք անմիջականորեն թելադրված էին նոր ծավալվող ճգնաժամով: Այս շաբաթ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովում պետք է առաջադրվեն անվտանգության ամուր և կայուն կառույցի ստեղծման հիմքերը՝ նախատեսված Մոսկվայի հետ երկարատև դիմակայության համար: Ի՞նչ կարելի է ակնկալել Վարշավայի գագաթնաժողովից:
Երկու տարի առաջ ՆԱՏՕ-ն վերադարձավ իր արմատներին: Կրկին կազմակերպության հիմնական առաքելությունը դարձավ անմիջականորեն իր անդամների պաշտպանությունը: Ներկայումս ՆԱՏՕ-ն հետևողական քայլեր է ձեռնարկում՝ միտված ռևանշիստական Ռուսաստանի զսպմանը:


ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր Նյուպորտում՝ 2014-ի սեպտեմբերին: Այդ գագաթնաժողովից ընդամենը մի քանի ամիս առաջ ՈՒկրաինայի արևելքում պայթեց ռազմական հակամարտությունն ու բռնակցվեց Ղրիմը: Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքն այն ժամանակ նոր-նոր էր սկսել ձևավորվել: «Հիբրիդային պատերազմ» բառակապակցությունը դեռևս այնքան էլ հասկանալի չէր: Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների խոսքով, հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելիք գագաթնաժողովի որոշումների ազդեցությունը տարածվելու է առաջիկա տասնամյակների վրա: «Մենք անվտանգության ոլորտում փոփոխությունների մի ամբողջ ծովի ականատեսն ենք դարձել: Եվ պատշաճ միջոցներ ձեռք առնելու համար մենք վերակողմնորոշում ենք Արևմուտքի անվտանգության համակարգը: Սա նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբը»,- դեռ մայիսին հայտարարել էր Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը: Վարշավայի գագաթնաժողովը մեկնարկում է ծայրահեղորեն զգացմունքային մթնոլորտում՝ կապված ԵՄ-ից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման հետ: Ի՞նչ կարելի է սպասել վարշավյան գագաթնաժողովից:


Արևելյան ճակատում
Անկասկած, վեհաժողովում գերիշխող թեմա կդառնա Ռուսաստանի զսպումը և այդ երկրի հետ սահմանակցող՝ ՆԱՏՕ-ի անդամներին անվտանգության երաշխիքների տրամադրումը: «Եվրոպայում խաղաղությունը, անվտանգությունն ու ժողովրդավարության կայունությունն արդեն դադարել են առարկայական իրողություններ լինելուց»,- «Atlantic Council»-ի զեկույցում հայտարարել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ Նիկոլաս Բերնսը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսը:
Երկու տարի առաջ ՈՒելսում որոշում էր կայացվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում նոր ռազմակայաններ տեղակայելու և գերարագ արձագանքման ուժեր ձևավորելու մասին: Այդ ուժերը պետք է ընդունակ լինեն՝ երկօրյա ժամկետում օգնության հասնել վտանգի մեջ հայտնված՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին: Սպասվում է, որ արևելյան թևերի հետագա ամրապնդման համար Վարշավայում որոշում կկայացվի Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում չորս ռազմական գումարտակ (յուրաքանչյուրում՝ 1000 զինվոր) տեղակայելու մասին: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնել են ստանձնել մեկական գումարտակի հրամանատարությունը: Թե որ երկիրը կստանձնի չորրորդի հրամանատարությունը, դեռևս պարզ չէ, սակայն, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքով, առավել հավանական է Կանադայի դերակատարությունը: ԱՄՆ-ի գլխավորած գումարտակը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի Լեհաստանում, հավանաբար՝ «Սուվալկի միջանցքի» անմիջական հարևանությամբ: Դա Լեհաստանի և Լիտվայի սահմանների արանքում ընկած 100 կմ երկարությամբ հատված է՝ սեղմված Բելառուսի և ՌԴ Կալինինգրադի մարզի միջև:


Ռազմական ստրատեգները մտահոգված են, որ զինված հակամարտության դեպքում Ռուսաստանը կարող է գրավել այդ միջանցքը՝ բալթյան հանրապետությունները կտրելով Դաշինքի անդամ երկրներից: Սպասվում է, որ Գերմանիայի գլխավորած գումարտակը կտեղակայվի Լիտվայում, Մեծ Բրիտանիայի գումարտակը՝ Էստոնիայում, իսկ չորրորդ գումարտակը՝ Լատվիայում: Վաշինգտոնը համաձայնել է նաև 3500 զինծառայողներից բաղկացած ծանր բրիգադի տեղակայմանը, որը նախատեսված է Բալթյան տարածաշրջանի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ համագործակցության համար:
Այս համատեքստում ուշագրավ է Չեխիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարկ Գալեոտիի բացատրությունը: «Ռուսաստանի հետ ապոկալիպտիկ պատերազմի պայմաններում այստեղ կամ որևէ այլ տեղ 1000 զինվորի տեղակայմամբ հնարավոր չի լինելու զսպել սպասվող ճնշումը, անկախ զինվորների պատրաստվածության և սպառազինված լինելու աստիճանից: Նրանք ընդամենը քաղաքական նշագրումներ են և կարծես ասում են՝ «Եթե դուք հարձակվում եք այս երկրի վրա, դուք սպանելու եք ոչ միայն էստոնացիներին ու լատիշներին, այլև ամերիկացիներին ու գերմանացիներին»: Դա շատ կարևոր է»:


Անպաշտպանվածություն՝ հյուսիսից
Ի՞նչ անել, եթե զսպման քաղաքականությունը չաշխատի: Ռազմական վերլուծաբանների կարծիքով, ռուսների հարձակման դեպքում, բալթյան երկրների խոցելիությունը պայմանավորված է Հյուսիսային Եվրոպայի աշխարհագրությամբ՝ անկախ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի զգալի ներկայությունից:
Հենվելով ռազմական խաղի արդյունքների վրա, ամերիկյան RAND Corporation հետազոտական ինստիտուտը եզրակացրել է, որ բալթյան երկրների արագ գրավումը կանխելու համար ՆԱՏՕ-ն 7 ռազմական բրիգադի կարիք կունենա, որոնց թվում՝ երեքը պետք է հագեցած լինեն ծանր զրահատեխնիկայով: Անհրաժեշտ կլինի նաև «ավիացիայի և ցամաքային ուժերի համապատասխան օժանդակությունն ու մինչև ռազմական գործուղությունների սկիզբը մարտի մեջ մտնելու կարողությունը»:
Հետազոտական կենտրոնը նշում է՝ «սակայն, անգամ դա բավարար չէ խնդրո առարկա տարածաշրջանի մշտական պաշտպանությունն ապահովելու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Այդ պատճառով էլ, վերլուծաբանների կարծիքով, ՆԱՏՕ-ն ավելի մեծ հույսեր է սկսել կապել դաշինքի անդամ չհանդիսացող Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ: «Առանց այդ երկրների օգնության, ՆԱՏՕ-ի համար շատ դժվար կլինի ռուսների հարձակումից բալթյան երկրներին պաշտպանելը»,- վերջերս գրել է «Նոր սառը պատերազմ» գրքի հեղինակ Էդվարդ Լուկասը: Պատմականորեն չեզոք այդ երկրներից ոչ մեկը դեռ պատրաստ չէ միանալու դաշինքին, երկու երկրներում էլ (հատկապես Շվեդիայում) աճում են ՆԱՏՕ-ին աջակցելու տրամադրությունները: Այս տարի և Շվեդիայում, և Ֆինլանդիայում սկսվել են դաշինքին հնարավոր անդամակցության հնարավորության հետազոտություններ: Վերադառնալով Վարշավայում մեկնարկող գագաթնաժողովին, հիշեցնենք, որ ընթացքում սպասվում է ՈՒկրաինային համալիր օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթի վավերացումը: Տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնում չի նախատեսվում: Այդ հարցում բացառություն է Չեռնոգորիան, որը մայիսին արդեն ստորագրել է անդամակցության արձանագրությունը և Վարշավյան գագաթնաժողովին կմասնակցի դիտորդի կարգավիճակով: «Ընդլայնման առումով՝ դաշինքի բաց դռների քաղաքականությունն ուժի մեջ է մնում, սակայն, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ՆԱՏՕ մուտք գործելու Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան»,- վերջերս նման գրառում է արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ Ջոն ՄակՔոլը:


Բրայան ՈՒԻԹՄՈՐ

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ